Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է, որ Covid-19-ը կարող է տարածվել մարդու արտաշնչած փոքր կաթիլների միջոցով: Իսկ դրանք պարունակող աերոզոլը կարող է երկար մնալ օդում:
Մինչ այժմ կազմակերպությունը համարում էր, որ վիրուսի տարածման հիմնական միջոցը փռշտոցով և հազով արտանետված խոշոր կաթիլներն են: Դրանք արագ նստում են մակերեսներին, ինչի պատճառով էլ առաջարկվում էր հաճախ լվալ ձեռքերը:
Ավելի վաղ, բաց նամակում 200 գիտնական ԱՀԿ-ին մեղադրում էին վիրուսի տարածման գործում աերոզոլի դերը թերագնահատելու համար:
Համաճարակի դեմ պայքարի շրջանակում չի կարելի անտեսել վիրուսի՝ օդով փոխանցումը: Այս մասին ասել է ԱՀԿ-ի հիվանդությունների տարածումը վերահսկելու գծով տնօրեն Բենեդետա Ալլեգրանցին: