Ավելի քան 230 գիտնական ստորագրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղված բաց նամակը՝ խնդրելով վերանայել կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ առաջարկությունները: Գիտնականները նշում են, որ հակառակ ԱՀԿ-ի՝ վիրուսը կարող է երկար մնալ օդում, ինչը լրացուցիչ վտանգ է ստեղծում մարդկանց համար, հայտնում է The New York Times-ը:
32 երկրի 239 գիտնական եկել են այն համոզման, որ վիրուսը կարող է տեղաշաժվել շատ ավելի փոքր մասնիկների տեսքով, քան նախկինում կարծում էին, ինչը հնարավորություն է տալիս, որ այն ավելի երկար մնա օդում և շնչելիս թափանցի մարմնի մեջ:
Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն պնդում է, որ վիրուսը օդում հայտնվում է բավական մեծ ու ծանր կաթիլներով և անմիջապես իջնում է մակերևույթների վրա: Կազմակերպությունը, միաժամանակ, օդի միջոցով վիրուսի տարածման ապացույցները հիմնավորված չի համարում:
NYT-ի հրապարակման մեջ նշվում է, որ եթե ընդունվի վիրուսը օդով փոխանցվելու գաղափարը, դա կպահանջի արդեն կիրառվող նախազգուշական միջոցների փոփոխություն: Մարդիկ ստիպված կլինեն դիմակներ կրել փակ տարածքներում, իսկ բժիշկները կկրեն դիմակներ ամենաուժեղ ֆիլտրով՝ չթողնելով նույնիսկ ամենափոքր մասնիկների թափանցումը: Սենյակում անհրաժեշտ կլինի նվազեցնել օդի շրջանառությունը և տեղադրել ավելի հզոր ֆիլտրեր, ինչպես նաև օգտագործել ուլտրամանուշակագույն լույս: