ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շվեդական Aftonbladet պարբերականին հայտնել է կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհին սպասվող երկու հավանական սցենարների մասին:
Առաջին լավատեսական տարբերակը ենթադրում է, որ երկրները կհաղթահարեն ներկա իրավիճակը: Հյուսիսային պետությունները մշակում են վերականգնման հաջող ծրագիր, իսկ զարգացողները՝ աջակցություն կստանան: Ընդ որում՝ Գուտերեշը հույս է հայտնել, որ պատվաստանյութը կստեղծվի ինն ամսվա ընթացքում և հասանելի կլինի ամենքին: Նրա կարծիքով՝ իրադարձությունների և տնտեսության զարգացման դեպքում աշխարհը 2-3 տարուց կկարողանա վերադառնալ բնականոն կյանք:
Եթե պետությունները չհամակարգեն գործողությունները, ապա հավանական է հոռետեսական սցենար՝ կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ վարակի նորանոր բռնկումներ կլինեն, իսկ զարգացող երկրների դրությունն ավելի կվատանա: