ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ ՀՀ Գեղարքունիքի տարածքային բաժնի մասնագետները ուսումնասիրել են Վարդենիս համայնքի Լեռնագործների 1/2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի հարևանությամբ, և Լեռնագործների 3 հասցեներում իրականացվող շինարարական աշխատանքները։ Արդյունքում պարզվել է, որ շինարարությունն իրականացվում է առանց թույլտվության։
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով՝ ստուգումների արդյունքում գրություններ են ուղարկվել Վարդենիս համայնքի ղեկավար Ա․ Մելքոնյանին, որով նա տեղեկացվել է, որ համայնքի նշված երկու հասցեներում կատարվում են ապօրինի ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Գրությամբ համայնքի ղեկավարը նաև տեղեկացվել է, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել տվյալ շինաշխատանքները դադարեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքները վերացնելու, որից հետո արդյունքների մասին ՔՏՀԱ տեսչական մարմնին տեղեկացնելու վերաբերյալ:
2020 թ․ մայիսի 18-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարից ստացվել է գրություն՝ համաձայն որի նշված հասցեներում շինարարական աշխատանքները դադարեցվել են և սեղմ ժամկետում օրենքով պահանջվող փաստաթղթերը կներկայացվեն տեսչական մարմին։
Սակայն նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։
2020 թ․ հունիսի 4-ին տեսչական մարմնի կողմից համայնքի ղեկավարին ուղարկվել է արդեն երկրորդ գրությունը, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցումը և օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը կրկին չի իրականացվել և մինչ օրս մնացել է անպատասխան։
Հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար: