Հոնկոնգյան ոստիկանությունն Ազգային անվտանգության օրենքի ընդունումից հետո առաջին անգամ մեղադրանք է ներկայացրել այն խախտելու համար: Ձերբակալվել է բողոքի ցույցի մասնակիցը, որ մոտոցիկլետով մտել է ոստիկանների խմբի մեջ՝ իր հետ կրելով «Հոնկոնգյան անկախություն» կոչով դրոշը: Ձերբակալվածին ներկայացվել է ահաբեկչության և անջատողականության մեղադրանք:
Այս գործով դատական նիստը տեղի է ունեցել ուրբաթ՝ առանց ձերբակալվածի ներկայության, քանի որ նա հիվանդանոցում է եղել: Հետագա նիստերը տեղի կունենան ամբաստանյալի՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
Նոր օրենքը նպատակ ունի կանխել գործողությունները, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը Հոնկոնգում՝ անջատողականություն, ահաբեկչություն, պետական իշխանության խարխլում, արտաքին ուժերի հետ դավադրություն:
Այն նախատեսում է ցմահ բանտարկություն՝ որպես առավելագույն պատժաչափ, և Հոնկոնգում Չինաստանի անվտանգության մարմինների ստեղծում: