Ֆրանսիայի իշխանությունները նախատեսել են երկրից վտարել չեչեն համայնքի այն անդամներին, որոնք կազմակերպել են անկարգությունները Դիժոն քաղաքում:
Բռնությունները կանխելու համար քաղաք էր ուղարկվել ոստիկանության հատուկ ջոկատայինների 37 և ոստիկանության 110 աշխատակից: Դիժոնում անկարգությունները սկսվեցին, երբ չեչենական համայնքը որոշեց վրեժ լուծել 16-ամյա չեչենի ենթադրյալ դաժան ծեծի համար, որը կազմակերպել էին տեղացի թմրանյութեր վաճառողները: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ավելի քան 150 չեչեն է մասնակցել վրեժխնդրությանը, նրանցից շատերը զինված են եղել: Տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորված 11 քաղաքացու վիճակը ծանր է:
Չեչենական համայնքը Ֆրանսիայում հայտնի է իր զանգվածային բախումներով: Ապրիլի վերջին Չեչնիայից ներգաղթյալների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք տեղի ունեցավ Թրուա քաղաքի մերձակայքում, մոտ 50 տղամարդ փայտե և երկաթե ձողերով զինված հարձակվել էին աֆրիկացի միգրանտների վրա: