Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է զինված ուժեր ներգրավել երկրում մեկ շաբաթ շարունակվող համընդհանուր խռովությունները ճնշելու համար, եթե քաղաքային ու նահանգային իշխանությունները չեն կարողանում վերահսկել իրավիճակն ու պաշտպանել բնակիչներին: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
46-ամյա աֆրոամերիկացու սպանության պատճառով երկրի տարբեր նահանգներում սկսված ընդվզումները չեն դադարում: Փողոց դուրս ելած հազարավոր ցուցարարներ պահանջում են մեղադրանք առաջադրել ոչ միայն մեկ ոստիկանի, այլև՝ բոլոր չորս ոստիկանների դեմ, որոնք ներգրավված են եղել Ջորջ Ֆլոյդի սպանության գործում:
Բողոքի ակցիաների ժամանակ անկարգություններն ու թալանը հանգեցրել են ողբերգական դեպքերի: Չիկագոյում մահացել է երկու ցուցարար: Կան տասնյակ ձերբակալվածներ: