Իրանի արտգործնախարարությունը զգուշացրել է Վաշինգտոնին սպասվող հետևանքների մասին, եթե վերջինը շարունակի հետապնդել Վենեսուելա մեկնող իրանական նավթատար նավերը: Դա ասվել է Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը իսլամական հանրապետությունում:
Բացի դրանից՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին: Իրանի ԱԳ նախարարը նամակում նշել է, որ «Միացյալ Նահանգները պետք է հարգի միջազգային իրավունքը, մասնավորապես նավարկության ազատությունը»:
Զարիֆը ԱՄՆ գործողություններն անվանել է «ծովահենություն», ինչը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար, և շեշտել է, որ Իրանն իրավունք ունի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված այդ սպառնալիքներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանից առնվազն հինգ նավթատար նավ է ուղևորվում Վենեսուելա: Այդ երկիրը վառելիքի ճգնաժամ է ապրում, որի պատճառներից մեկը Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից առևտրային շրջափակումն է: Իրանը նույնպես պատժամիջոցների տակ է: Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր ԱՄՆ ռազմածովային նավերին ոչնչացնել իրանական նավերը հակամարտության դեպքում: