Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է, Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հիշում եք, որ ս.թ. մայիսի 7-ին ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ՝ 176 մլն դրամ տրամադրվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտելու համար։
Հանրակացարանային մասնաշենքի շինարարության ավարտը նախատեսվում է մինչև սույն տարվա դեկտեմբերի 31-ը։ Առաջին հարկում կգործի գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, նախատեսվում է նաև ամֆիթատրոն։ Մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ նախատեսված 150 մարզիկի համար։
Կառույցը լինելու է նոր լուծումներով և հագեցվածությամբ, արդիական կահավորանքով միանգամայն տարբերվող շինություն։ Նշեմ նաև, որ այս տարվա ընթացքում արդեն վերանորոգվել և արդիականացվել է քոլեջի բուֆետը, որը մատակարարում է որակյալ սնունդ («Արտ-լանչ» ընկերության կողմից), կաթսայատունը:
Առաջիկայում նախատեսվում է նաև հիմնովին վերանորոգել ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի դահլիճները. դրանով կարդիականացվի մարզահամալիրը»,- գրել է նախարարը: