Այսօր իմ նախկին գործընկեր Անի Սամսոնյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարարությունը բողոքների թվով ռեկորդ է սահմանել՝ ոստիկանությունից և դատական համակարգից հետո: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Իրոք, Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա զեկույցում նշվում է, որ գրասենյակը 981 բողոք ստացել է ոստիկանության վերաբերյալ, 800 բողոք՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ, 730 բողոք՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտից:
Քիչ առաջ խնդրեցի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ տալ բողոքների բացվածքը: Ըստ տեղեկանքի՝ 730 դիմումից 74-ը եղել են բանավոր, 656-ը՝ գրավոր: Ու ամենակարևորը՝ 656 դիմումից 557-ը վերաբերել են մեկ խնդրի՝ Ավշարի դպրոցի խնդրին, երբ ծնողները, համաձայն չլինելով նոր տնօրենի ընտրության հետ, յուրաքանչյուրը գրել է մեկ դիմում նույն խնդրի վերաբերյալ՝ հարցին ավելի մեծ հնչեղություն տալու համար: Այսինքն՝ մեր հսկայական ոլորտի բողոքների թիվը կազմում է մեկ տարվա համար ընդամենը 174 բողոք: Ցավոք, տիկին Սամսոնյանի համար սա հակառեկորդ է, որովհետև ստացվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առանձնացված 16 ոլորտից ԿԳՄՍ-ն զբաղեցնում է ներքևից չորրորդ հորիզոնականը:
Ի պատասխան այն հարցադրմանը, թե ինչու ես ելույթ չունեցա հաշվետվության ժամանակ, նշեմ, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով մինչև 3 նախարար են ելույթ ունենում: Շատ բան ունեմ ասելու և ասել եմ, ինչը տիկին Սամսոնյանը կարող էր գալ և լսել հանձնաժողովում հաշվետվության ժամանակ: Ամբիոնից որակյալ ելույթ ունենալու համար հանձնաժողովներում նախարարներին լսելը ճիշտ է:
Ինչ վերաբերում է դպրոցների խորհուրդները կուսակցականներով լցնելու պնդմանը, ես որևէ տեղեկություն չունեմ, որ իմ պաշտոնավարման արդյունքում որևէ ՔՊ-ական տնօրեն է դարձել: Գուցե մեկ-երկուսը լինեն, բայց ո՛չ կուսակցական լինելու պատճառով, այնինչ իմ պաշտոնավարման ժամանակ եղել են հարյուրավոր մրցույթներ»,- գրել է նախարարը: