Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող ՀՀ 4-րդ խմբի սակրավորներն ապրիլին ականազերծել են 5041 քմ ականապատ տարածք, որի ժամանակ հայտնաբերվել է 16 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ՝ հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից։
«Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 152,738 քմ: 4-րդ խմբի բժիշկներն ապրիլին կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված բուժօգնություն են ցուցաբերել 144 տեղաբնակների: Այսպիսով, ՀՀ մարդասիրական խումբը 2019 թ. փետրվարից մինչև այսօր ցուցաբերել է ընդհանուր 12035 հիվանդներին բուժօգնություն:
Այս ժամանակահատվածում Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել են բժշկական պարագաներ և մեծ քանակությամբ դեղորայք: Ինչպես նաև՝ ՊՈԱԿ փորձագիտական կենտրոնի ուղարկած մարդասիրական օգնության մի մասը տրվել է հայ համայնքին պատկանող մանկատանը:
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների փոխանցել է բժշկական պարագաներ։ Բժշկական կենտրոնների ղեկավարներն իրենց երախտագիտություն են հայտնել հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների և ցուցաբերվող ամենօրյա օժանդակության համար։ Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև՝ համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։
Գեներալը նշել է, որ հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում իրենց կողքին են։
Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար։
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի Հայ ծերանոցին և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները»,- նշված է հաղորդագրության մեջ: