Երբ մենք կստանանք դիակի դատաբժշկական փորձաքննությունը, կունենանք վնասվածքների տեղակայումը, բնույթը, ինտենսիվությունը, ներգործության աստիճանը, դրանից հետո գուցե հնարավոր է օբյեկտիվ իրավական անհրաժեշտություն առաջանա հոդվածը փոխել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով Գյումրիում 43-ամյա կնոջ սպանությանը և 28-ամյա տղամարդուն առաջադրված մեղադրանքին:
Հիշեցնենք, Գյումրիում տեղի ունեցած դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:
Դատախազի խոսքով՝ պարզվել է, որ 2016-ին կասկածյալը տուժողին կրկին ծեծի է ենթարկել՝ առողջությանը հասցնելով միջին ծանրության վնաս: Մարինե Խ.-ն դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ, հետո կողմերը հաշտվել են, իսկ գործը՝ կարճվել:
Կասկածյալը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել տարբեր արարքների համար, բայց ճանաչվել է մեղսունակ:
Նշենք, Գյումրիում 43-ամյա կնոջը սպանելու գործով կալանավորված 28-ամյա տղամարդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվում է ցուցմունք տալ։