Օդային և ցամաքային ճանապարհով Հայաստան ժամանած բոլոր ուղևորները ենթարկվում են ջերմաչափման, և եթե լինում են ջերմություն կամ կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ տեսանելի ախտանշաններ, ապա բոլոր ուղևորները մեկուսացվում և հոսպիտալացվում են, իսկ այն ուղևորները, որոնց մոտ առողջական վիճակի որևէ խնդիր չի արձանագրվում, ապա վերջիններս լրացնում են իրենց բնակության վայրի հասցեական քարտերը, և սահմանվում է 14-օրյա բժշկական հսկողություն: Այդ մասին ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու չեն մեկուսացվում Հայաստան ժամանողները:
Նա նշել է, որ ջերմաչափումը բավարար միջոց է հիվանդներին հայտնաբերելու և համապատասխան միջոցներ կիրառելու համար:
Լ.Թորոսյանի խոսքով՝ եթե 14-օրյա հսկողության ընթացքում անձինք ունենում են թեկուզ թեթև ջերմություն կամ թեթև գրիպանման երևույթներ, ապա նրանք անհրաժեշտության դեպքում հոսպիտալացվում են, կազմակերպվում են անհրաժեշտ հետազոտությունները, այդ թվում՝ լաբորատոր:
Նա նշել է, որ ինքնամեկուսացումն ինքնագիտակցության և պատասխանատվության խնդիր է, սակայն ընդդիմանալու դեպքում միջամտում են ուժային կառույցները: