Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին եռօրյա սուգ է հայտարարել ավելի քան 30 տարի այդ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցրած Հոսնի Մուբարաքի մահվան կապակցությամբ: Նախկին նախագահը մահացել է փետրվարի 25-ին, կյանքի 92-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո:
Ըստ Al Jazeera-ի՝ պետության ղեկավարի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Մուբարաքը շատ բան է արել հայրենիքի համար: Աս-Սիսին նրան անվանել է 1973 թվականի պատերազմի հերոս, որը «վերականգնել է արաբ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը» (այսպես կոչված՝ Ահեղ դատաստանի պատերազմի ժամանակ Մուբարաքը գլխավորում էր Եգիպտոսի ռազմաօդային ուժերը- խմբ.):
Նախագահը ցավակցել է հանգուցյալի ընտանիքին և ընկերներին, իսկ Զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը ցավակցություն է հայտնել նաև բոլոր զինծառայողներին՝ ականավոր ռազմական ղեկավարներից մեկի մահվան կապակցությամբ:
Եգիպտոսի ժողովրդին իրենց ցավակցությունն են հայտնել նաև համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ՝ ներառյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը Մուբարաքին իր ընկերն է անվանել: Նշենք նաև, որ Եգիպտոսի նախագահը պաշտոնապես Իսրայել է այցելել միայն մեկ անգամ. 1995-ին նա մասնակցել է Իսրայելի նախկին վարչապետ Իցխակ Ռաբինի թաղման արարողությանը: