Իրանը պատրաստ է տարածաշրջանային անվտանգության թեմայով բանակցություններ վարել Եվրամիության հետ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ հաստատելով միջուկային գործարքի մեջ մնալու մտադրությունը:
Իրանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Ռոհանին այս մասին հայտնել է Թեհրան ժամանած Նիդեռլանդների արտգործնախարարի հետ հանդիպման շրջանակում:
«Մենք լիովին պատրաստ ենք Եվրոպայի հետ քննարկել տարածաշրջանի անվտանգության հարցերը»:
Ռոհանին նշել է, որ Իրանը հենվում է այն սկզբունքների վրա, որոնց համաձայն «տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները»: Իրանի նախագահի խոսքով՝ կոալիցիայի անվան տակ Պարսից ծոցում օտարերկրյա ուժերի ներկայությունն օգուտ չի բերում տարածաշրջանային անվտանգությանը: