Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ ութ եվրոպական երկրներ արդեն իսկ աջակցել են Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունը պաշտպանելու՝ եվրոպական առաքելություն ստեղծելու նախաձեռնությանը:
Ըստ հայտարարության՝ քաղաքական աջակցություն են հայտնել Գերմանիան, Բելգիան, Հունաստանը, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Դանիան, Իտալիան և Ֆրանսիան, որն էլ հենց նախաձեռնության հեղինակն է: Այն մասին, թե որ պետություններն են պատրաստ իրենց նավերը տարածաշրջան ուղարկել, դեռևս չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ օրերս նույն նպատակով Միացյալ նահանգների և Մեծ Բրիտանիայի կողմից զուգահեռ կոալիցիա էր ձևավորվել Արաբական թերակղզում, որին միացել էին Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Ալբանիան և Ավստրալիան: Եվ քանի որ ամերիկյան ու բրիտանական նավերն արդեն ուղեկցում են առևտրային նավերին Հորմուզի նեղուցում, ենթադրվում է, որ եթե, այսպես կոչված, այլընտրանքային կոալիցիան սկսի գործել, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև լրացուցիչ լարվածություն է առաջանալու: