«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որով ստանձնել է փետրվարի 2-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է Amaq գործակալությունը:
«Մեր գրոհայինն ահաբեկչական հարձակում է իրականացրել Լոնդոնում՝ ի պատասխան կոալիցիոն երկրների քաղաքացիներին թիրախավորելու մեր կոչերին»,- ասվում է ԻՊ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին բրիտանական ոստիկանները Լոնդոնում վերացրել էին երիտասարդ մի տղայի, որը հարձակվել էր անցորդների վրա՝ վիրավորելով 3 հոգու: Նրա վրա հայտնաբերվել էր մահապարտի գոտի, ինչը ոստիկանությանը հիմք էր տվել կատարվածն ահաբեկչություն որակելու համար:
Արդեն փետրվարի 3-ին իրավապահները բացահայտել էին Լոնդոնում անցորդների վրա դանակով հարձակվողի ինքնությունը: Պարզվեց՝ նա 19-ամյա Սուդեշ Ամանն էր, որը հարձակումից անմիջապես առաջ էր վաղաժամ ազատվել բանտից: Ամանը 3 տարի 4 ամիս ժամանակով դատապարտվել էր «Իսլամական պետության» քարոզչական նյութերի տարածման 13 դրվագների մեղադրանքով, բայց պատժի կեսից էլ պակասն էր անցկացրել բանտում:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձան ահաբեկչի ինքնության վերաբերյալ մանրամասները, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ մտադիր է կոշտ միջոցներ ձեռնարկել հակաահաբեկչական պայքարի և ահաբեկչության համար պատժամիջոցները խստացնելու հարցերում: