«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հունվարի 27-ին համացանցով տարածած նոր աուդիոուղերձով ակնարկել է, որ իր հաջորդ թիրախն Իսրայելն է լինելու: Ինչպես հաղորդում է իսսրայելական Kan Bet ռադիոն՝ ԻՊ նոր ուղերձը տարածել է ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբուլ-Հասան ալ-Մուհաջիրը:
«Խալիֆայության զինյալների աչքերը, որտեղ էլ նրանք լինեն, մշտապես Երուսաղեմին են ուղղված: Եվ առաջիկա օրերին, եթե Ալլահը ողորմած լինի, դուք այնպիսի բաներ կտեսնեք, որ կմոռանաք բոլոր այն սարսափները, որոնք ականատեսն եք եղել»,- սպառնացել է Մուհաջիրը:
Շուրջ 37 րոպեանոց ձայնագրության մեջ Ալ-Մուհաջիրը հայտարարել է, որ «Իսլամական պետության» նոր առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Կուրաշին կոչ է անում իր մարտիկներին և հատկապես նրանց, ովքեր գտնվում են Սինայի թերակղզում և Սիրիայում՝ հարձակվելու իսրայելական բնակավայրերի վրա, գրավել և վերածել դրանք նոր տեսակի զենքի՝ ներառյալ քիմիական զենքի փորձադաշտերի: Փոխանցվում է, որ Պաղեստինի մահմեդականները նույնպես պետք է մասնակցեն ջիհադին, որովհետև նրանց նպատակն էլ «Դարի գործարքի» իրականացման խափանումն է:
Սրան զուգահեռ AFP-ն նշում է, որ աուդիո ձայնագրության իսկությունը դեռ հաստատված չէ: Բայց նաև փոխանցում է, որ աուդիոուղերձը տիրաժավորվում է ավանդաբար ԻՊ-ի հետ կապվող հեռուստա-ռադիոալիքներով և սոցիալական ցանցերում գործող խմբերի էջերով: