Այսօր ԱՄՆ-ում և Կանադայում կտոնեն ավանդական Արջամկան օրը՝ Groundhog Day-ը: Ժողովրդական այս տոնակատարությունն արվում է ամեն տարվա փետրվարի 2-ին: Ընդունված է հետևել բնից դուրս եկող արջամկանը։ Նրա պահվածքից դատելով, կարելի է իմանալ՝ գարունը շուտ կգա, թե ոչ։
Ըստ լեգենդի, եթե օրն ամպամած է, արջամուկը չի տեսնում իր ստվերն ու հանգիստ դուրս է գալիս բնից, գարունը շուտ կբացվի։ Եթե օրն արևոտ է, արջամուկը վախենում է իր ստվերից ու նորից ետ է քաշվում բույնը, ապա դեռ վեց շաբաթ ձմեռը կթագավորի։ ԱՄՆ-ում և Կանադայում այս օրը կազմակերպվում են «տեղական օդերևութաբան արջամկանը» նվիրված տոնախմբություններ, որոնք գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների։
Հիշեցնենք, որ տոնն իրականում հեթանոսական ու շատ հին արմատներ ունի. հին Հռոմում, օրինակ, հենց փետրվարի 2-ին նշում էին Ոզնու օրը, երբ կենդանին դուրս էր գալիս բնից՝ ազդարարելով գարնան վաղ գալուստը, կամ՝ մնում բնում, հուշելով, որ եղանակի տերուտիրականը դեռ ձմեռն է:
Հյուսիսային Գերմանիայում էլ հետևում էին փորսուղների պահվածքին: Նույն արջամուկը հանդիպում է հոլանդացիների լեգենդներում՝ ճիշտ որպես հռոմեական օրակուլ, և այլն: