Հայաստանն արմատական փոխակերպման շրջադարձային փուլում է, և հեղափոխության սկզբից հիմնադրամը սատարել է սիրո և համերաշխության վրա հիմնված փոփոխությունների գործընթացը: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
«Մենք աջակցում ենք կայուն և համակարգային փոփոխություններին, որոնք ուղղված են ավտորիտար և կոռումպացված համակարգերի վերադարձի բացառմանը, սակայն արդեն տևական ժամանակ է՝ հիմնադրամի և մեր գործընկերների դեմ իրականացվում են լայնածավալ հակաքարոզչություն և տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ: Այն ուղեկցվում է ատելության քարոզով և հաճախ բռնության կոչերով: Այդ արշավի հեղինակները նենգափոխում են հիմնադրամի գործունեությունը, զրպարտում են Ջորջ Սորոսին, խեղաթյուրում են մեր և գործընկերների աշխատանքին վերաբերող փաստերը: Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ պահանջելու և դրանց աջակցելու քաղաքացիական հասարակության ներուժն է մեզ ու մեր գործընկերներին դարձրել այս զրպարտիչ արշավի թիրախը»,- նշել է Մինասյանը:
«Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի գործադիր տնօրենն ընդգծել է, որ թիրախի տակ է հանրային վստահությունը, և հորդորել է լրատվամիջոցներին չներգրավվել ապատեղեկատվական գործընթացում: