Աշխարհում լրագրողների դեմ հանցագործությունների գրեթե 90 տոկոսը անպատիժ է մնում: Այս մասին մտահոգիչ հայտարարությամբ է հանդես եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
«Ամբողջ աշխարհում սպանված լրագրողների թիվը 2019 թվականին գրեթե կրկնակի նվազել է և վերջին 10 տարում ամենացածրն է: Այն կազմում է մահվան 56 դեպք՝ 2018 թվականի 99-ի համեմատությամբ»:
2010-2019 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է լրագրողների 894 սպանություն, ինչը կազմում է տարեկան միջինը գրեթե 90 սպանություն:
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում, որտեղ զոհվել է 22 լրագրող։ Երկրորդ և երրորդ տեղերում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներն ու արաբական պետությունները՝ համապատասխանաբար 15 և 10 սպանությամբ։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «լրագրողները ծայրահեղ վտանգների ենթարկվում են ոչ միայն զինված հակամարտությունները լուսաբանելիս, այլև զոհ են դառնում տեղի քաղաքական գործիչների արարքները, կոռուպցիան ու իրավախախտումները հետաքննելիս»: