Հրայր Թովմասյանի կամ որևէ անձի նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ՍԴ-ում ճգնաժամը շարունակվում է, և այն դեռ հանգուցալուծում չի ստացել:
Հարցին՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը այդ հանգուցալուծումներից մե՞կն է արդյոք, Միրզոյանը պատասխանեց, որ ՍԴ նախագահի հրաժարականը քրգործի հետ կապ չունի:
«Լիներ ՍԴ-ի շուրջ այն ճգնաժամը, որի մասին ես հաճախ խոսում եմ, չլիներ, կապ չունի, այս մեղսագրվող արարքի մասին բացահայտում եթե արվեր, պետք է գնար այս նույն հունով: Քրեական գործը պայմանավորված չէ Հրայր Թովմասյանի պաշտոնավարմամբ: Դա նույնն է, որ ես հիմա որևէ հանցագործություն անեմ, հետո, երբ մեր իշխանությունը փոխվի ժողովրդի որոշմամբ, նոր իշխանությունները, իրավապահ համակարգը սկսի հետազոտել իմ կատարած որևէ հանցագործություն, և ես ասեմ՝ այ, քանի որ ես զբաղեցրել եմ պաշտոն, ինձ քաղաքական հետապնդման են ենթարկում»,- նշեց Միրզոյանը:
Դիտարկմանը ի պատասխան՝ որն է լինելու ՍԴ ճգնաժամի լուծման շուրջ հաջորդ քայլը, ԱԺ նախագահն ասաց. «Կապրենք, կտեսնենք: Այնպես չէ, որ մենք քնում, արթնանում ենք՝ միայն այս խնդրի մասին մտածելով, և մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնելը ՍԴ-ից»:
Հարցին, թե Սուրբ Ծննդյան պատարագին խոսե՞լ է Հրայր Թովմասյանի հետ, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Չէ, մենք մեկ-երկու կատակ արեցինք: Այդքանը»: