Հունվարի 11-ին, երդման հանդիսավոր արարողությունից հետո, Օմանի նոր սուլթան է հանրահռչակվել Սուլթանության մշակույթի և ազգային ժառանգության նախարար, 66-ամյա Հեյսամ բեն Թարիք ալ-Սայիդը: Այս մասին հաղորդում է իսրայելական Maariv-ը, հավելելով, որ նույն օրը՝ հունվարի 11-ին, կյանքի 80-րդ տարվա նախօրեին վախճանվել էր Օմանի նախկին սուլթան Կաբուս բեն Սայիդ ալ-Սայիդը, որը ժառանգներ չուներ:
Նշվում է, որ Սուլթանության պաշտպանության խորհուրդը կառավարող ընտանիքի անդամներին կոչ էր արել չսպասել եռօրյա սուգի ավարտին և անհապաղ երկրի նոր կառավարիչ նշանակել: Հաղորդվում է նաև, որ Հեյսամ բեն Թարիք ալ-Սայիդը հանգուցյալ սուլթանի զարմիկն է:
Օմանում հայտարարվել է եռօրյա սուգ, որի ընթացքում պետական և մասնավոր հաստատությունները չեն գործի:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսին:
2011-ից ՀՀ-ում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպանն է Մուհամմադ բեն Աուադ բեն Աբդ ալ-Ռահման ալ-Հասանը (նստավայրը` Մոսկվա): Չնայած՝ ՀՀ-ի և Օմանի Սուլթանության միջև քաղաքական փոխըմռնմանը (ՀՀ արտաքին գործերի նախարարության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին վերջին Փոխմռնման հուշագիրը, ըստ ԱԳՆ պաշտոնական տեղեկատվության, ստորագրվել է 2003-ի հունվարին՝ Մասկատում, իսկ քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել 2017-ի նոյեմբերի 6-7-ը՝ Օմանում), մեր երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակը խիստ ցածր է:
Մասնավորապես, 2018-ին ՀՀ-Օմանի Սուլթանություն առևտրային շրջանառությունը կազմել է ընդամենը 304,9 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, արտահանումը կազմել է 198,4 հազար դոլար, ներմուծումը՝ 106,5 հազար դոլար: Օմանի Սուլթանությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել հիմնականում ձկնեղեն, նավթամթերք, մաքրող միջոցներ, բիտումային միջոցներ և այլն: Խնդիր է նաև բուն մայրաքաղաքներում դեսպանություններ չունենալու հանգամանքը: