Մայակովսկի համայնքում շահագործման է հանձնվել մանկապարտեզի հիմնանորոգված երկհարկանի մեկ մասնաշենք. այն տասը տարի լքված վիճակում էր:
Մասնաշենքն ունի բոլոր պայմանները համայնքի 95 փոքրիկների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար: Ընդարձակ ննջասենյակներն ու խաղասենյակները շուտով կկահավորվեն և արդեն կընդունեն առաջին փոքրիկ այցելուներին: Տարածքն ամբողջովին ջեռուցվում է:

Մասնաշենքը հիմնանորոգվել է Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ:
Ծրագիրը ներառվել է կառավարության «Համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման» ծրագրում, և 2020 թ. արդեն սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կհիմնանորոգվեն մանկապարտեզի մյուս մասնաշենքն ու խոհանոցային հատվածը: Դա նշանակում է, որ ընթացիկ տարվա աշնանամուտին արդեն համայնքը կունենա ամբողջովին հիմնանորոգված մանկապարտեզ:
Ծրագրի արժեքը 26.8 մլն դրամ է, որից 3,5 միլիոնը համայնքի ներդրումն է:

«Մեր համայնքներում մանկապարտեզների գործունեությունը մենք շատ ենք կարևորում: Մանկապարտեզը մանուկների նախադպրոցական կրթությունն ու ժամանցն ապահովելու, մայրիկներին հոգսից ազատելու համար չէ միայն, մանկապարտեզներն ինստիտուցիոնալ առումով շատ ավելի կարևոր առաքելություն ունեն. դրանք ոչ միայն սոցիալական, կրթական, դաստիարակչական, այլ նաև մշակութային կարևորություն ունեն: Եվ եթե համայնքն ունի բարեկարգ մանկապարտեզ, ապա իր գլխավոր ու պարտադիր խնդիրներից մեկը կատարել է: Ահա այդ մղումով էլ մենք 2019 թ. մեկնարկեցինք միանգամից 10 մանկապարտեզի կառուցում և հիմնանորոգում:
Ընթացիկ տարում ավարտին ենք հասցնելու այդ մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները և ձեռնամուխ ենք լինելու արդեն մշակույթի տների, արվեստի դպրոցների և գրադարանների կառուցմանը»,- Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: