Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Սիրիա: Կրեմլի ղեկավարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վլադիմիր Պուտինն օդանավակայանից անմիջապես մեկնել է Սիրիայում տեղակայված ՌԴ զորախմբերի հրամանատարական կետ, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Երկու երկրների ղեկավարները լսել են երկրի տարբեր շրջաններում իրավիճակի վերաբերյալ զինվորականների զեկույցները»:
Այնուհետև կայացել են Ռուսաստանի ու Սիրիայի պատվիրակությունների երկկողմ բանակցությունները: Այս մասին նույնպես տեղեկացրել է Պեսկովը:
«Ասադի հետ շփման ժամանակ Պուտինը նշել է, թե այժմ կարելի է վստահորեն արձանագրել, որ ահռելի ճանապարհ են անցել Սիրիայի պետականության ու երկրի տարածքային ամբողջականության վերականգնման գործում»:
Պեսկովի խոսքով՝ Սիրիայի նախագահն իր հերթին ռուս պաշտոնակցին շնորհակալություն է հայտնել այցի, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարում և երկրում խաղաղ կյանքի վերականգնման գործում Ռուսաստանի և ռուս զինվորականների աջակցության համար: