Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը հայտարարել է, որ պատրաստ է հրաժական տալ՝ նոր վարչապետի նշանակման կապակցությամբ աճող լարվածության պատճառով:
Իրաքի պառլամենտին ուղղված նամակում Սալիհն ասել է, որ ավելի շուտ հրաժարական կտա, քան վիճելի գործիչ կնշանակի վարչապետի պաշտոնում, և քանի որ իրաքյան սահմանադրությունը թույլ չի տալիս մերժել խորհրդարանական մեծամասնության թեկնածուին, որը նախագահի կարծիքով՝ հենց այդպիսին է, միակ ելքն իր հրաժականն է մնում:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի թեկնածու էր առաջադրել Ասադ ալ-Իդանին, որովհետև նրան պաշտպանում է նաև պրոիրանական «Բինա» խմբակցությունը, բացի այդ՝ նրա թեկնածության դեմ բողոքել են ցուցարարները:
Հիշեցնենք, որ նախորդ վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին հրաժարական տվեց իր պաշտոնից անցած ամիս՝ Իրաքում սկսված հուժկու բողոքի ակցիաներից հետո, և այժմ նախագահը տագնապում է, որ երկրի ներքաղաքական իրադրությունն առավել կլարվի այս թեկնածուի վարչապետ դառնալուց հետո: Ընդ որում, ժամկետը, որի համար նախագահը պետք է հաստատի նոր թեկնածու, արդեն լրացել է:
«Խիկմա» կուսակցությունը, սակայն, որը ղեկավարում է Օմար ալ-Հաքիմը, և «Սաիրուն» դաշինքը, որ ղեկավարվում է ազդեցիկ շիաների կրոնական առաջնորդ Մուկթադա ալ-Սադրի կողմից, մերժեցին նախագահ Բարհամ Սալիհի հրաժարականը: Լրագրողների հետ զրույցում խիկմայականները Իրաքի նախագահին հորդորեցին՝ մնալ իշխանության և «պաշտպանել իրաքյան սահմանադրությունը»: Նրանք նաև ողջունել են Սալիհի դերը արյունահեղության կանխարգելման գործում, բայց չեն մանրամասնել, թե ինչպես են տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը: