1.7 միլիարդ մուսուլմանների ճակատագիրը չպետք է կախված լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից: Նման համակարգն իրեն սպառել է: Այսպիսի դիրքորոշում է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կուալա Լումպուրում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ:
Թուրքիայի ղեկավարի հավաստմամբ՝ համաշխարհային քաղաքական համակարգը բարեփոխումների կարիք ունի, որը հիմնված է արդարության սկզբունքների վրա:
«Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված համակարգն արդեն չի գործում: Անհրաժեշտ է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառույցը: Աշխարհում արդարության ապահովման կարևոր պայմանը միջազգային այն կազմակերպությունների ամրապնդումն է, որոնցում ներկայացված են իսլամական երկրները, այդ թվում նաև՝ իսլամական համագործակցության կազմակերպությունները»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոլորի ուշադրությունը հրավիրել է այն ճնշման վրա, որին վերջին շրջանում բախվում է Անկարան: