Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան մի քանի մարդ է դանակահարվել Հաագայի կենտրոնում՝ Grote Marktstraat փողոցում: Սրա մասին հաղորդել է Հաագայի ոստիկանությունը՝ հավելելով, որ դեպքի վայրում են անվտանգության ծառայություն իրականացնող մարմինները:
Ինչպես գրում է Het Parool-ը՝ վկայակոչելով ականատեսներին, առնվազն երեք մարդ վիրավորվել է, իսկ հանցագործը փախուստի է դիմել:
Պարբերականի փոխանցմամբ՝ հետախուզվողը 45-50 տարեկան տղամարդ է՝ մոխրագույն սպորտային հագուստով ու սև շարֆով:
Հիշեցնենք, որ նույն օրը Լոնդոնի կամրջի վրա էր նման միջադեպ գրանցվել: Դեռևս ինքնությունը չպարզված անձը դանակով հարձակվել էր քաղաքացիների վրա ու մի քանիսին վիրավորելուց հետո սպանվել էր ոստիկանության կողմից:
Սքոթլենդ Յարդը կատարվածը ահաբեկչություն է որակել, իսկ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է բացահայտել պատահածը և պատժել մեղավորներին: