Հուլիսի 13-ին Նյու Յորքում անցկացվող Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանը միտված ջանքերը։ Կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխկապակցվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ տարածաշրջանի ներուժի լիարժեք իրացման համատեքստում։
Զրուցակիցները քննարկել են «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացը։ Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության և կանխարգելման օրակարգերի շրջանակներում ՄԱԿ կառույցների արդյունավետ գործունեության շարունակականությունն ապահովելու կարևորությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են նաև հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքները։
Մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։