Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն հրաժարական տալուց հետո կդառնա ԱՄՆ-ում դեսպան, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հուլիսի 12-ի առավոտյան նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին հրաժարական տալ՝ շնորհակալություն հայտնելով նրան կառավարության ղեկավարի պաշտոնում աշխատանքի համար և առաջարկել «ղեկավարել հարաբերությունների նոր, կարևոր ուղղություն՝ առանցքային գործընկերոջ հետ»։
Զելենսկու խոսքով՝ յուրաքանչյուր «արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղության» համար այժմ պատասխանատու կլինի զգալի փորձ ունեցող որոշակի անձ։ Այդ ուղղությունների թվում նա նշել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը, այդ թվում՝ Patriot հրթիռների արտադրության լիցենզիաների գծով, ԵՄ-ի հետ կապերի ամրապնդումը, ինչպես նաև հարևան պետությունների, մասնավորապես Լեհաստանի և Հունգարիայի, նաև Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանների երկրների ու Չինաստանի հետ հարաբերությունները։
Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի կառավարության ղեկավարի պաշտոնի համար հնարավոր թեկնածուների թվում են Սերգեյ Կորեցկին, որը ներկայումս «Նաֆտոգազ Ուկրաինի» ընկերության գործադիր տնօրենն է, առաջին փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը, պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը և Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։