Իրանի անվտանգության մարմինները տեղեկացրել են, որ ձերբակալել են առնվազն ԿՀՎ 8 գործակալի՝ Թեհրանում հակակառավարական բողոքի ցույցեր և անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: Ենթադրվում է, որ բոլորն արտասահմանում հատուկ դասընթացներ են անցել՝ գործելով լրագրողի քողի ներքո:
Հետախուզության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նրանցից 6-ը ձերբակալվել են անկարգություններ հրահրելու ընթացքում, իսկ 2-ը՝ հենց այն ժամանակ, երբ փորձել են տեղեկատվություն փոխանցել արտասահման:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Ալի Ֆադավին Իրանի դատական իշխանություններին հորդորել է ամենախիստ պատիժը տալ ձերբակալվածներին:
Ալի Ֆադավին նաև փոխանցել է, որ Իրանում անկարգությունների ժամանակ զոհվածների թվում կան ոստիկանության ծառայողներ, որոնց կրակել են ցուցարարների ամբոխի միջից, բայց այլ մանրամասներ չի հայտնել դրա առնչությամբ: