Թուրքական մեջլիսի բոլոր խմբակցությունները համաձայնության են եկել Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենի անունը պատմությունից ջնջելու, նրա անունը կրող բոլոր դպրոցները, պողոտաները, փողոցները, գյուղերը, թաղամասերն ու զորանոցներն անվանափոխելու հարցում։
Քենան Էվրենը, որ 1980թ. ռազմական հեղաշրջման կազմակերպիչն էր, հայտնի է իր դաժանությամբ և բռնաճնշումներով։ Նրա իշխանության տարիներին Թուրքիայում 178.000 մարդ է ձերբակալվել, 64.000-ը՝ բանտարկվել, 30.000 մարդ զրկվել է քաղաքացիությունից, 450-ը մահացել են խոշտանգումներից, իսկ 50 քաղաքացի ենթարկվել է մահապատժի։
Թուրքիայի տխրահռչակ նախագահի անունը ջնջելու նախաձեռնության հեղինակն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) Էլազըղի պատգամավոր Գյուրսել Էրոլն է, բայց ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցություններն էլ են կողմ արտահայտվել հիշյալ նախաձեռնությանը։
Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր կուսակցությանն ու հարցը օրակարգ բերող պատգամավորին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել անվանափոխության գործընթացին։
Ինչ է սա նշանակում՝ նոր, քննական հայացք Թուրքիայի պատմությանը, որ կարող է առավել ընդգրկուն դառնալ, թե մասնավոր մի դեպք՝ անհասկանալի բացատրությամբ, ցույց կտա ապագան՝ բարձրաձայնել են քուրդ պատգամավորները: