ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ Սիրիայի հարցում «Ռուսաստանի խոստումների չկատարման» վերաբերյալ հայտարարությունը:
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ այդ հայտարարությունը, ինչպես նաև՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքները, տարակուսանք են առաջացրել:
«Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու կոչով՝ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը կարող է միայն իրավիճակի սրման հանգեցնել, ոչ թե՝ խնդրի կարգավորման, ինչպես դա ամրագրված է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված համատեղ հուշագրում»:
Իգոր Կոնաշենկովը նշել է, որ Ռուսաստանը ամբողջ ծավալով կատարել և շարունակում է կատարել հոկտեմբերի 22-ին Սոչիում ստորագրված հուշագրի դրույթները: