Սիրիայի իրադրությամբ շահագրգիռ կողմերը՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և ԱՄՆ-ն, առայժմ չեն պատրաստվում հեռանալ հակամարտության գոտուց:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական զորքերը կմնան Սիրիայում այնքան ժամանակ, մինչև այդ երկրի կառավարական ուժերը կկարողանան ինքնուրույն պաշտպանել իրենց տարածքը ահաբեկիչներից:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն էլ հայտարարել է, որ Իրանի ռազմական ներկայությունը Սիրիայում կպահպանվի այնքան, որքան անհրաժեշտ է Սիրիայի կառավարությանը. «Իրանը և Ռուսաստանը Սիրիայի կառավարության հրավերով են այդ երկրում, և մենք այնտեղ կմնանք այնքան ժամանակ, ինչքան Սիրիայի կառավարությունը մեզ թույլ կտա»:
Հակառակ Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պահպանել հսկողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում նավթային հանքավայրերի վրա և կպաշտպանի ֆինանսական ռեսուրսները ԻՊ զինյալների հարձակումներից: Պենտագոնի ղեկավարը նաև զգուշացրել է, որ եթե Ռուսաստանի և Սիրիայի ուժերը սպառնան Սիրիայում ԱՄՆ-ի ուժերի անվտանգությանը, ամերիկյան բանակը կպատասխանի ռազմական ուժով: