Ճապոնիան պատուհասած Հագիբիս թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի: Անհետ կորած է համարվում ևս 10 մարդ: Ճապոնիայի կառավարությունը տուժած շրջանների մի մասն ավելի վաղ հայտարարել էր աղետի գոտի, ինչը նախարարների կաբինետին հնարավորություն է տվել էապես ավելացնել վերականգնողական աշխատանքների իրականացման համար պետբյուջեից հատկացվող ծախսերը:
Հագիբիսը վերջին մի քանի տասնամյակների ամենաուժեղ թայֆունն էր, որն ուղեկցվել է փոթորկոտ քամիներով և տեղատարափ անձրևներով: Դրա հետևանքով հեղեղվել են Տոկիոյի ծայրամասերից մինչև Նիիգատա քաղաքն ընկած շրջանները: Վերջին տվյալով՝ երկրի 21 պրեֆեկտուրայում ավելի քան 77 հազար բնակելի տուն մասամբ վնասվել է կամ ամբողջությամբ ավերվել: Առավել մեծ ավերածություններ են գրանցվել Ֆուկուսիմա, Իբարակի և Իվատե պրեֆեկտուրաներում։