Սիրիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ սիրիական բանակը տեղակայվել է Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Մանբիջ քաղաքում, որտեղ մինչ այդ գործում էր ԱՄՆ-ի երկու ամերիկյան ռազմաբազա: Հենց այս վայրում է այժմ գտնվում թուրքական և սիրիական զորքերի շփման գիծը, և բախումները կանխելու համար տարածքում սկսել է պարեկություն իրականացնել Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ չէ, որ Սիրիան վերահսկի Մանբիջը. կարևորը՝ քրդական կազմավորումները լքեն քաղաքը:
Նախօրեին կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Էրդողանն ընդունել էր Ռուսաստանի նախագահ Պուտինի հրավերը Մոսկվա: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ամերիկացիների հետ բանակցություններից հետո:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն կմեկնեն Անկարա ՝ փորձելով համոզել Թուրքիային դադարեցնելու ռազմական գործողությունները Սիրիայի հետ սահմանին: