Այսօր «168.am» կայքում կրկին տեղեկատվություն էր հրապարակվել, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Երեւանից Բեյրութ է մեկնել ինքնաթիռի բիզնես դասով: Արմենիա ավիաընկերությունը պարզաբանում է.
«Նախ ցանկանում ենք նշել, որ «Արմենիա» ավիաընկերությունը, ինչպես ցանկացած դասական ավիաընկերություն, ունի, թե՛ բիզնես, թե՛ էկոնոմ դաս: «Արմենիա» ավիաընկերության «Boeing 737» օդանավում առհասարակ առկա է 116 էկոնոմ և 8 բիզնես նստատեղ, ընդհանուր՝ 124 նստատեղ, սակայն ամառային շրջանում հաշվի առնելով բարձր պահանջարկը և կոմերցիոն շահը՝ ավիաընկերությունն իր օդանավերի սրահում կատարում է նստատեղերի կառուցվածքի փոփոխություն, ինչը թույլ է տալիս ապահովել լրացուցիչ նստատեղեր: Բիզնես դասի նստատեղերն ավելի մեծ տարածք են զբաղեցնում և բիզնես դասի 8 նստատեղերը փոխարինվում են 15 էկոնոմ դասի նստատեղերով, ինչը ապահովում է լրացուցիչ 7 նստատեղեր:
Հուլիսի 1-ին, ինչպես նաև ամբողջ ամառային շրջանում, «Boeing 737» օդանավում առկա է եղել 131 էկոնոմ նստատեղ, որից 15-ն առանձնացված ենթավարագույրով»: