ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ներկա է եղել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած Սուրբ Պատարագին, որով ազդարարվել է եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Ի հիշատակ հայրապետական այցելության` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հակոբ եկեղեցուն ընծայեց մարմարե խաչքար:
Ընդունելության ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է շվեցարահայ համայնքին` անդրադառնալով նաև Հայոց Եկեղեցու հայապահպան կարևոր առաքելությանը:
Դիմելով շվեցարահայ համայնքին՝ Աննա Հակոբյանն ասել է. «Շվեցարահայ համայնքն իր հզոր մարդկային ներուժով մշտապես եղել է Հայաստանի և Արցախի կողքին՝ աջակցելով դժվարին իրավիճակներում և ոգեշնչվելով հաջողություններով՝ երկրաշարժից ու Արցախյան շարժումից առ այսօր։ Վստահ եմ, որ այս հաջողություններում չափազանց մեծ է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու կեսդարյա գործունեության դերը: Լիահույս եմ, որ մեր եկեղեցին իր բոլոր թեմերով, պետության հետ ուս ուսի, շարունակելու է աշխարհի տարբեր ծայրերում հայկական համայնքների ինքնության պահպանման կարևորագույն առաքելության իրականացումը՝ հաղթահարելով բոլոր խնդիրները և հանդես գալով ավելի միաբան, քան՝ երբևէ։ Հայկական սփյուռքի ինքնակազմակերպումն օրինակելի է, սակայն մեր զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք»: