Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակում՝ ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հրավերով հոկտեմբերի 11-ին այցելել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց (Ecole hôtelière de Lausanne), որտեղ հանդիպել է դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե Մակի և գործարար կապերի զարգացման տնօրեն Ռեյ Լունիուսի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը տիկնոջ՝ Հյուգեթ Գաբրաշի հետ, Շառլ Էգլին և Արուս Զարբաբյան Էգլին։
Անդրե Մակն ու Ռեյ Լունիուսը Աննա Հակոբյանին ներկայացրել են Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի պատմությունը, առաքելությունը, նպատակները, հնարավորություններն ու հետագա ծրագրերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել զբոսաշրջության և սպասարկման ոլորտի առանձնահատկությունների, դրանց զարգացման հեռանկարների մասին, անդրադարձել են այս բնագավառում Շվեյցարիայի արձանագրած ձեռքբերումներին։ Քննարկում է ծավալվել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունների շուրջ: