Նայիր-պատերազմի-աչքերին
«Նայիր պատերազմի աչքերին». այսպիսի վերնագրով ցուցահանդես է բացվել Ռուսաստանի ամենահայտնի ցուցասրահի՝ Մանեժի մասնաշենքերից մեկում: Մոսկովյան այս ցուցադրությունը հավակնում է դառնալ Ռուսաստանում Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ամենակարեւոր իրադարձությունններից մեկը: Ցուցահանդեսն առանձնահատուկ է իր նորարարական լուծումներով. դասական ոճը զուգորդված է ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառման հետ: Մեկ մասնաշենքի տարբեր հատվածներում միևնույն ժամանակ ցուցադրվում են առաջին համաշխարհայինի տարիներին նկարահանված վավերագիր քրոնիկոնը, Ռուսաստանի պետական արխիվում պահպանվող ու մինչ օրս չցուցադրված պետական փաստաթղթերը, գեներալների ու սպաների զեկուցագրերն ու նամակները, ռազմական քարտեզներ ու շատ այլ ցուցանմուշներ:
Ցուցանմուշների քանակով ու պատմական նշանակությամբ նախադեպը չունեցող այս ցուցահանդեսի կազմակերպիչների թվում է նաեւ Հայաստանը: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տրամադրած նմուշները տեղ են գտել Առաջին համաշխարհայինի 1915 թվականի ապրիլին նվիրված հատվածում՝ «Հայոց ցեղասպանության սկիզբը» խորագրով: Առաջին այցելուների թվում էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ սեպտեմբերի 28-ը: