Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը։ Այս մասին նա հայտարարել է ԵՄ իրավիճակի մասին իր ամենամյա ուղերձի ժամանակ, որին ներկա է եղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
The Guardian-ը հաղորդում է, որ Եվրահանձնաժողովի նախագահի առաջարկն ընդունվել է բուռն ծափահարություններով։ «Այս գործընկերությունը ոչ մեկի դեմ չէ, այն մեր ընդհանուր ուժի համար է»,- ասել է Ֆոն դեր Լայենը։ Նա նաև առաջարկել է ընդլայնել ԵՄ-Կանադա համագործակցությունն արդյունաբերության, տեխնոլոգիաների, պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ Արկտիկան անվանելով համագործակցության հնարավոր տարածաշրջաններից մեկը։ ԵՄ-ում ներկայումս ասոցացված անդամի կարգավիճակ չկա։ Խոսքը գործընկերության նոր ձև ստեղծելու մասին է, որը Կանադային թույլ կտա ավելի սերտ ինտեգրվել ԵՄ-ի հետ՝ առանց լիիրավ անդամ դառնալու։ Մայիսին Գերմանիան առաջարկել էր նման կարգավիճակ սահմանել Ուկրաինայի համար՝ որպես լիիրավ անդամակցության քայլ, սակայն այդ գաղափարը աջակցություն չստացավ։
Կանադան սկսել է մերձենալ ԵՄ-ի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկսած առևտրային պատերազմի ֆոնին: Վարչապետ Քարնին ասել է, որ իր երկիրը ԵՄ-ի հետ «եզակի դաշինք» կնքելու հնարավորություններ է փնտրում, բայց չի դիտարկում լիարժեք անդամակցության հարցը: Մինչ այդ Financial Times-ի աղբյուրները հայտնել էին, որ Կանադան պատրաստվում է միանալ Եվրամիության՝ Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի վարկին, որպեսզի ցույց տա իր հավատարմությունը եվրոպացի դաշնակիցներին: