Վաշինգտոնում գտնվող Ջոն Ֆ. Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնը (Քենեդի կենտրոն) փակվում է անվտանգության նկատառումներից ելնելով և անհապաղ վերանորոգում ու վերակառուցում սկսելու համար: Այս հայտարարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արել է իր TruthSocial սոցիալական ցանցի էջում՝ սեպտեմբերի 15-ի երեկոյան:
Թրամփի խոսքով՝ նույն օրն ավելի վաղ Քենեդի կենտրոնն անհապաղ փակելու որոշումը «գրեթե միաձայն» կայացրել է հաստատության հոգաբարձուների խորհուրդը:
«Փակումը տեղի կունենա անմիջապես, սակայն վերանորոգումն ու վերակառուցումը, որոնք շատ ծավալուն ու բարդ աշխատանք են, չեն կարող սկսվել այնքան ժամանակ, քանի դեռ Կոլումբիայի շրջանի շրջանային դատարանը որոշում չի կայացրել կենտրոնի կառավարիչների խորհրդի կողմից հաստատված անվանման վերաբերյալ»,- ասված է ԱՄՆ նախագահի գրառման մեջ:
Դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ դաշնային շրջանային դատավոր Քրիստոֆեր Կուպերը կրկին արգելել էր Դոնալդ Թրամփի անունը տեղադրել ԱՄՆ մայրաքաղաքի գլխավոր թատերահամերգային համալիրի ճակատային մասում: «Քենեդու կենտրոնում չի կարելի հուշահամալիրներ տեղադրել նախագահ Թրամփի կամ որևէ մեկի համար, առանց Կոնգրեսի հաստատման»,- պնդել է դատավորը: Միևնույն ժամանակ, Կուպերն ընդգծել է, որ ժամանակին ԱՄՆ օրենսդիր մարմինը որոշել էր կենտրոնն անվանակոչել «միայն նախագահ Ջոն Ֆ. Քենեդու պատվին»։