Ուղիղ ենք ուզում ասել՝ Հայաստանին հնարավոր չէ հանրաքվե պարտադրել. ի՞նչ է նշանակում հանրաքվե պարտադրել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որը, անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը, եզրակացրեց, որ ՌԴ-ն պարտադրում է ՀՀ-ին հանրաքվե անել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի ընտրության հարցով:
Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ վարչապետը պարզաբանեց՝ որ ինքը ՌԴ նախագահին ասում էր, որ եթե ՀՀ-ն հանրաքվե անելու լիներ, այն ժամանակ կաներ, երբ ժողովրդին ասվեր՝ նման օրենք կա, ընդունե՞նք, թե՞ չընդունենք:
«Հիմա հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն մի պարագայում. պրոցեդուրաներ կան ԵՄ-ի անդամագրման, և մեր Սահմանադրությունն էլ նախատեսում է, որ վերազգային կազմակերպության անդամագրվելու համար պետք է անել հանրաքվե: Երբ այդ հարցը բավարար հասունացած կլինի, չեմ ասում՝ լավ կամ գերազանց, բավարար հասունացած կլինի, մենք կգնանք այդ ճանապարհով:
Մենք պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու դիմում չենք ներկայացրել, և էլ չեմ ասում՝ թեկնածուի կարգավիճակ ստանալ, կամ, լա՛վ, ճանապարհային քարտեզ, կամ աշխատանքային բանակցություն չի եղել այս թեմայով, որովհետև եթե հանրաքվե նշանակենք, քարոզարշավ է, չէ՞, տեղի ունենալու, կարո՞ղ ենք քարոզարշավ անել: Մարդիկ ինչ հարց տան, ասենք՝ ժողովո՛ւրդ ջան, դա դեռ պարզ չի, պիտի պարզենք, ժողովուրդը կասի՝ պարզ չի, ինչի՞ եք բերել, իմ առաջ հարց դրել, որը գոյություն չունի: Գնացեք, հարցը ձևակերպեք, պատասխանի առաջարկներն էլ ձևակերպեք, նոր եկեք, մեր առաջ հարց դրեք: Մենք ժողովրդին ինքնանպատակ տանում ենք ընտրական տեղակամասեր՝ ո՛չ հարց ունենալով, ո՛չ պատասխա՞ն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կա ընթացակարգ, եթե երկիրն ուզում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, պետք է 6 ամիս առաջ զգուշացնի, մինչդեռ Հայաստանը նման բան չի ասել:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը տեղի է ունեցել Բիշքեկում՝ «ՇՀԿ+» գագաթնաժողովի շրջանակներում: Հայաստանի ղեկավարը հավաստիացրել է, որ Եվրամիության հետ կապված գործընթացը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դեմ չէ: Փաշինյանը հերթական անգամ կրկնել է, որ Հայաստանը դեռ ընտրության պահը չի հասունացրել, երբ գա ընտրություն կատարելու իրական պահը, մեր երկիրը, հանրաքվեով կամ առանց հանրաքվեի, անհրաժեշտ որոշումը կկայացնի: