ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին՝ Կանադայի հետ առևտրային լարվածության սրման և կանադական ապրանքների վրա 50% մաքսատուրքերի սահմանման ֆոնին։ ԱՄՆ նախագահը սակայն լիազորություն չունի ստիպելու Կանադային օգտագործել նոր անվանումը։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին քննադատել է Թրամփի որոշումը՝ երկու երկրի սահմանային լճի վերանվանման վերաբերյալ։ Նա շեշտել է, որ կանադացիները կշարունակեն այն անվանել Օնտարիո: Նախագահության երկրորդ ժամկետի սկզբից Թրամփը բազմիցս առաջարկել է վերանվանել խոշոր աշխարհագրական օբյեկտները և տարբեր հաստատություններ։
2025 թվականի հունվարին նրա նախաձեռնությամբ Մեքսիկական ծոցը վերանվանվեց Ամերիկայի ծոց, իսկ Ալյասկայի Դենալի լեռները՝ Մաքքինլիի։ Մեքսիկան քննադատել է առաջին որոշումը՝ նշելով, որ նախորդ անվանումը դարեր շարունակ օգտագործվել է միջազգային նավագնացության մեջ։
2025 թվականի դեկտեմբերին էլ Վաշինգտոնում Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնի անվանն ավելացվեց Թրամփի անունը։ 2026 թվականի մայիսին սակայն դատարանը որոշեց ԱՄՆ ներկայիս նախագահի անունը հեռացնել անվանումից։ Դատավորն իր որոշումը մասամբ հիմնավորել է այն փաստով, որ կենտրոնի անվանումը շնորհել է ԱՄՆ Կոնգրեսը, և «միայն Կոնգրեսը կարող է այն փոխել»։