ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ այս աշնանը՝ Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին: Թերթի տվյալով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերին Չինաստանի Շենժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում: Սակայն WSJ-ի աղբյուրները նշում են, որ հանդիպման պաշտոնական նախապատրաստական աշխատանքները դեռևս չեն սկսվել:
Ավելի վաղ Թրամփը կարգադրել էր կրճատել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի Ulchi Freedom Shield (UFS) համատեղ զորավարժությունների ծավալները, որոնք դաշնակիցներն ամեն տարի անցկացնում են Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր բախումներին նախապատրաստվելու համար:
ԱՄՆ առաջնորդի կարծիքով՝ զորավարժությունները չափազանց թանկ են, ընդ որում՝ «դրանց զգալի մասը վճարում է հենց Միացյալ Նահանգները»: Թրամփը հավելել է, որ իրենք նաև «բոլորովին անհարկի թշնամական ազդանշան են ուղարկում ԿԺԴՀ-ին»:
Թրամփը և Կիմ Չեն Ընը երեք անգամ հանդիպել են Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, սակայն նրանց բանակցությունները չեն հանգեցրել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: