ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարողացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ համաձայնեցնել հանդիպման ժամանակը Ասիայի երկրներ իր այցի ժամանակ։
Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ իր ներկայիս ասիական ուղևորության ընթացքում, եթե Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկանա։
Փհենյանն էլ հայտարարել է, որ բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, եթե Վաշինգտոնը հրաժարվի Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման պահանջից։
ԱՄՆ նախագահը պետական այցով Հարավային Կորեայում է հոկտեմբերի 29-ին և 30-ին։ Հինգշաբթի Սեուլ կժամանի Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որի հետ նախատեսված է Թրամփի հանդիպումը:
Իսկ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ առաջնորդը, նշելով Կորեական թերակղզու հյուսիսի և հարավի միջև երկարատև լարվածությունը, ասել է. «Տեսնենք, թե ինչ կարելի է անել այս հարցը լուծելու համար»։