ԱՄՆ «Ոսկե գմբեթ» հրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը հաջող է անցել։ Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Նա նշել է, որ դինամիկ ինքնավար պաշտպանական համակարգը հաջողությամբ թիրախավորել, որսացել և ոչնչացրել է բազմաթիվ մոտեցող թիրախներ։
Անցյալ տարվա մայիսին ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր «Ոսկե գմբեթ» նախագծի համար միջոցների հատկացման մասին։ Կոնգրեսը «Ոսկե գմբեթ» նախագծի արժեքը գնահատել էր 1,2 տրիլիոն դոլար։ Կանադայի իշխանությունները ցանկություն էին հայտնել մասնակցելու հրթիռային պաշտպանության նախագծին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմը կհետևի «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ԱՄՆ ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ այն Գրենլանդիայում տեղակայելու հնարավորությանը։
Ավելի վաղ Չինաստանը և Ռուսաստանը դեմ էին արտահայտվել ԱՄՆ-ի «Ոսկե գմբեթ» նախագծին։