Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն Al Jazeera-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել Վաշինգտոնի հետ դիվանագիտական գործընթացը, միայն եթե Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ մոտենա համաձայնագրի կատարմանը և երաշխավորի, որ Իսրայելը նույնպես կպահպանի Փոխըմբռնման հուշագրի պայմանները։
Հայտարարությունը հնչել է, երբ չեղարկվել են Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները։
Իրանցի դիվանագետը դատապարտել է նաև Լիբանանի ուղղությամբ Իսրայելի վերջին հարձակումները՝ ընդգծելով, որ Իսրայելի կողմից պատերազմի շարունակումը կհանգեցնի «ծանր և անխուսափելի հետևանքների»։
Նա հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է «խաղաղություն հաստատել բոլոր ճակատներում, այդ թվում՝ Գազայում»:
Խաթիբզադեն պարզաբանել է, որ հակամարտության հետ ունեցած անմիջական կապի պատճառով Լիբանանը ներառվել է Փոխըմբռնման հուշագրում։
«Լիբանանում և ողջ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն չի լինի, քանի դեռ չի դադարեցվել օկուպացիան, և Իսրայելը չի ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին»,- ընդգծել է պաշտոնյան։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցին՝ նա հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի նավագնացության ծառայություններ մատուցել Օմանի հետ համակարգմամբ և միջազգային իրավունքին համապատասխան։
Իրանի փոխարտգործնախարարը հավելել է, որ իր երկիրը համաձայնագրով նախատեսված 60-օրյա ժամանակահատվածում նեղուցով անցնելու համար վճար չի գանձի, սակայն նշել է, որ դրանից հետո կներդրվի ջրային ուղու կառավարման նոր մեխանիզմ, և այն կներկայացվի տարածաշրջանի երկրներին։ Խաթիբզադեն նաև հայտարարել է, որ ապագա ցանկացած համաձայնագիր պետք է ներառի իրանական բոլոր միջոցների ապասառեցումը։