2025 թվականի վերջի դրությամբ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի 60 տոկոսի վերելակներն արդեն իսկ փոխարինել է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք նախորդ տարի արդեն իսկ 2560 վերելակ տարվա վերջին փոխարինած ենք եղել, և մեզ մնացել է փոխարինելու 1822-ը: Միայն նախորդ տարի 503 վերելակ է փոխվել Երևան քաղաքում»,- ասաց նա:
Անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրին՝ Ավինյանը նշեց, որ այնտեղ նոր իրավիճակ է ստեղծվել: Համապատասխան տեխնիկայի և մարդուժի և վերահսկողական մեխանիզմներ են ներդրվել, արգելափակոցներ ու տեսախցիկներ են դրվել ամբողջ տարածքով, և բոլոր ավտոմեքենաների մուտքն արձանագրվում է. «Բռնկումների ընդհանուր վտանգն էականորեն նվազել է, որովհետև արագ արձագանքման խմբեր ունենք այնտեղ»:
Անդրադառնալով մայրաքաղաքի խցանումներին՝ Ավինյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որն այս պահին չափումներ, ուսումնասիրություններ է իրականացնում Երևան քաղաքի մուտքերի մոտ՝ ավտոմեքենաների հոսքի հետ կապված: Բոլոր հաշվարկների հիման վրա տարվա ընթացքում կենտրոնը տալու է փոփոխությունների ծրագիր: Ըստ այդմ՝ մարդատար ավտոմեքենաների համար պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ, քաղաքի մուտքերի մոտ պետք է լինեն ավտոկայանատեղիներ, իսկ ճանապարհներին պետք է լինեն տրանսպորտի առանձնացված ուղեգծեր:
«Նախնական պատկերը ունենալու ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իրականացնելու ենք 2027 թվականին»,- ասաց նա: