ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց, որը կիրականացվի 2026 թվականին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 11 մլն դրամ: Մասնավորապես, կֆինանսավորվեն հետևյալ միջոցառումները՝
-
«Մաթեմատիկական ֆիզիկայի ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ» 12-րդ միջազգային գիտաժողով.
-
Ավանդական երաժշտության ու պարի ավանդույթների միջազգային խորհրդի (ICTMD) «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիում.
-
Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն.
-
Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրության 2-րդ գիտաժողով.
-
«Միկրոալիքային և տերահերցային տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցական կապ և օպտոէլեկտրոնիկա» միջազգային գիտաժողով.
-
«Ճարտարապետական ժառանգություն և արդի ճարտարապետություն» միջազգային գիտաժողով (ICAHCA-2026).
-
«Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն-2026» միջազգային գիտաժողով (ICCEE-2026).
-
«Պոպուլյացիոն գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված պոպուլյացիաների շրջանում. գլոբալ առողջապահական հավասարության խթանում» միջազգային աշխատաժողով:
Երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը լրացվել է հետևյալ նախաձեռնություններով՝
-
«Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբար.
-
«Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունները» 2-րդ միջազգային քոլեջ.
-
Տունը որպես տեքստ. ճարտարապետական և մարդաբանական հետազոտությունների միջազգային ամառային դպրոց-2026.
-
Երիտասարդական միջազգային աշնանային 7-րդ դպրոց «Շրջակա միջավայրի գիտություններ. սննդի ռիսկի և օգուտի գնահատում՝ ԵՄ առաջատար փորձ»:
Ավելի վաղ՝ 2026 թվականի համար, ֆինանսավորման էր երաշխավորվել 13 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 7 դպրոց:
«Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի» համաձայն՝ ՀՀ 2026 թ․ և նախորդ տարիների պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը հնարավոր է տեսնել այստեղ: